Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է «ՀՀ ապահովագրական համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թթ» հետազոտությունը` ըստ ապահովագրական ընկերությունների 2011-13 թ.թ. գործարար ծրագրերի:
Դրանում նշված են նաեւ ապահովագրական ընկերությունների թերությունները եւ ռիսկերը:
Մասնավորապես.
- Որոշ ընկերությունների դատողություններում հակասություն կա, մասնավորապես` նշելով ֆինանսական ճգնաժամի բացասական հնարավոր հետեւանքները եւ կամավոր ապահովագրության դանդաղ աճը, միաժամանակ կանխատեսում են ապահովագրավճարների եւ շահութաբերության զգալի աճ:
- Ապահովագրական ընկերութուններից շատերը դեռեւս չեն լուծել անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցը:
- Ընկերություններից շատերի համար եկամտի ստացման հիմնական աղբյուր շարունակում են մնալ ապահովագրավճարներից ստացվող մուտքերը:
- Ապահովագրական ընկերություններից քչերն են պատկերացնում ռիսկերի կառավարման գործընթացը եւ հիմնականում ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ չունեն:
- Ընկերությունները հեշտության համար եւ նպատակ ունենալով չխախտել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվները` նախընտրում են ներդրումներ իրականացնել հիմնականում բարձր իրացվելի ակտիվներում, ընդ որում` մեծ կշիռ են կազմում արտարժութային ներդրումները, որոնցով պայմանավորված` աճում է արտարժութային տատանումներից բխող ռիսկը:




























