Միլիարդատեր Դոնալդ Տրամպը, ով երկու շաբաթ առաջ հրաժարվել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարից, նորից միտքը փոխել է եւ այժմ կրկին չի բացառում նման հնարավորությունը:
«Եթե հանրապետական թեկնածուներից ոչ ոք ինձ հարմար չլինի, ես կմտածեմ որպես անկախ թեկնածու առաջադրվելու մասին», – Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Տրամպը:
Ենթադրվում է, որ իր ճանաչվածության եւ նախընտրական արշավների վրա անսահմանափակ գումարներ ծախսելու կարողության շնորհիվ Տրամպը կարող է լուրջ ազդել նախագահական ընտրաշավում ուժերի դասավորվածության վրա:
«Ես հրաժարվեցի հանրապետական փրայմերիզին մասնակցելուց միայն այն պատճառով, որ NBC-ին ինձ խոշոր գումար առաջարկեց իմ ռեալթի-շուոի համար: Սակայն, սկզբունքորեն, ես դեռ ունեմ գրեթե 11 ամիս մինչեւ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը»,- ասել է նա:


























