Գործարար Արա Կարապետյանը «Երեւան-Կենտրոն»-ից երեկ, հունիսի 3-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեղադրանքով: Կարապետյանի տեղափոխումից հետո գործարարի հարազատները մտահոգված են նրա անվտանգության համար:
Մայիսի 24-ին` վերջին դատական նիստից հետո, Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում է լրագրողներին փաստեր ներկայացնել որոշ օլիգարխների իրական կերպարի վերաբերյալ: ՀՀ ՔՎ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը թերթի թղթակցի հետ զրույցում բացառել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործարարի անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են լինել: «Իսկ եթե Կարապետյանի հարազատները կոնկրետ տեղեկություններ եւ տվյալներ ունեն, ապա կարող են դիմել քրեակատարողական վարչություն, եւ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Բաբայանը:



























