Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը հունիսի 3-ին ադրբեջանցի քաղաքացիական անձ են սպանել:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն այդ կապակցությամբ արձագանքել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը:
«Եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել»,- նշել է Կարապետյանը:
Ադրբեջանական Trend գործակալությունը հունիսի 3-ին տեղեկություն էր տարածել, թե հայկական կողմից հրադադարի խախտման արդյունքում սպանվել է Աղջաբեդինի շրջանի բնակիչ Էլմար Պիրիեւը, ով իբր նախիրն էր արածեցնում Աղդամի շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, պաշտոնական մեկնաբանություններ չի արել սեփական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվության կապակցությամբ:




























