Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ներկայացրել է Պետական միասնական քննությունների առաջին արդյունքները։ Հունիսի 1-ին դիմորդները քննություներ հանձնել են ռուսերեն լեզվից եւ քիմիայից։
Քիմիայից նվազագույն շեմը չի հաղթահարել 23,2, ռուսերեն լեզվից՝ 21 տոկոսը։ Դիմորդների 4,3 տոկոս քիմիայից բարձր բալեր է վաստակել, հայտնել է ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը։
Նշենք, որ Հայաստանում այս տարի դիմորդների ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 1209 մարդ՝ անցած տարվա 17 655-ի դիմաց։
Այս երեւույթը կապված է 12-ամյա կրթական համակարգի անցում կատարելու, հետեւաբար այս տարի շրջանավարտներ չունենալու փաստի հետ։
Նշենք, որ ապրիլի 28-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հաստատվել էր պետպատվերով տեղերի քանակը՝ 2428, վճարովի տեղերը 18500-ն են։
Տեղեկացնենք, որ հունիսի 4-ին դիմորդները պետական միասնական քննություն կհանձնեն Հայոց լեզվից եւ գրականությունից, հուլիսի 7-ին՝ կենսաբանությունից, ընդհանուր պատմությունից եւ աշխարհագրությունից, հուլիսի 10-ին՝ մաթեմատիկայից, հուլիսի 14-ին՝ օտար լեզվից, հուլիսի 17-ին՝ Հայոց պատմությունից եւ ֆիզիկայից։




























