Հանրապետական կուսակցության ակտիվի՝ նախօրեի կայացած նիստին, որը գլխավորել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընդդիմության հետ «բանակցողների» պատվիրակության ձեւավորման հարց չի քննարկվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Ավելին, նա տեղեկացրեց, որ Հայ ազգային  կոնգրեսի հետ բանակցելու որեւէ պատվիրակության ձեւավորման հարց իշխանությունների օրակարգում ընդհանրապես չկա, դա ուղղակի ծիծաղելի է։ «Կարելի է կարծել՝ գլոբալ աշխարհաքաղաքական հարցեր քննարկելու համար միջկառավարական պատվիրակություններ ենք ձեւավորում։ Այդ հարցն ընդհանրապես անընդունելի է իշխանությունների համար»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ երկրի իշխանությունները կառուցողական երկխոսության պատրաստ է քաղաքական ցանկացած ուժի, ոչ միայն ՀԱԿ-ի հետ, սակայն դրա համար հատուկ պատվիրակություններ կազմելու անհարժեշտություն չկա։

Գալուստ Սահակյանը նկատեց, որ ընդդիմությունը հատուկ է փորձում իր առաքելությունն ու դերը մեծացնել, իշխանությունների հետ բանակցող պատվիրակություն կազմելը ուռճացված կերպով ներկայացնելով ժողովրդին։ «Սակայն սա հատուկ է թույլերին»,- նշեց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման թեմային՝ Գալուստ Սակայնաը նկատեց, որ ՀԱԿ ներկայացուցիչները, հավանաբար, ներկայիս իրավիճակը շփոթում են 1998-ի հետ, երբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական  տալ։ «Սակայն այժմ բոլորովին այլ վիճակ է»,- նկատեց նա։ Սահակյանն ընդգծեց, որ իշխանությունները քաղաքական տարբեր ուժերի հետ կարող են խոսել միայն «լավ» ընտրություններ անցկացնելու թեմայի շուրջ։