ՆԱՏՕ-ն մնում է իր դիրքորոշմանը եւ ոչ մի դեպքում մտադիր չէ ճանաչել Աբխազիան ու Հարավային Օսիան։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։

Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են դաշինքի ու Վրաստանի հարաբերությունների հեռանկարները եւ այն պարտավորությունների կատարման հարցը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի պետք է մինչեւ վերջ կատարի Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագիրը, որը նախատեսում է ռուսական զորքերի հետ քաշում նախապատերազմյան դիրքեր։ Նա անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմային եւ նշել, որ դա կախված է միայն դաշինքի երկրներից, եւ Ռուսաստանն այդ հարցում վետոյի ոչ մի իրավունք չունի։

«Բուխարեստյան գագաթնաժողովում ասվել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ այդ որոշումն ուժի մեջ է։ Ամեն բան կախված է այն բանից, թե երբ Վրաստանը կհամապատասխանի դաշինքի չափանիշներին»,- հայտարարել է Սիմոնսը։