ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հատուկ դատախազի նշանակումը նոյեմբերի 3-ին երկրում անցկացված ընտրություններում ենթադրյալ կեղծումների հետաքննության համար, որում հաղթել է պետության գործող ղեկավարի ընդդիմախոս դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Տեսնելով 2020 թվականի ընտրություններում ձայների խոշոր կեղծումը՝ ես չեմ համաձայնվի ցանկացածի հետ, ով կհամարի, որ ուժեղ, օպերատիվ եւ արդար հատուկ դատախազի անհապաղ կարիք չկա: Դրանք մեր երկրի պատմության մեջ ամենակոռումպացված ընտրություններն էին, եւ այն պետք է մանրակրկիտ հետաքննել»,- նշել է նա Twitter-ում:

The Wall Street Journal պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր ընտրությունները հետաքննելու համար հատուկ դատախազի նշանակմանը հասնելու Թրամփի մտադրության մասին, ինչպես նաեւ այն հարցերի հետաքննության համար, որոնք առնչվում են Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեությանը: ԱՄՆ արդարադատության նախարար-գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը երկուշաբթի հայտարարել էր, որ իր տրամադրության տակ չկան նախագահական ընտրություններում մեծածավալ խարդախությունների վկայություններ եւ չի ծրագրում համանման պնդումների հետաքննության համար հատուկ դատախազ նշանակել:

ԱՄՆ վարչակազմի հաջորդ ղեկավարի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: