ՀՀ արդարադատության նախարարության կողմից նոր շրջանառության մեջ դրված արտակարգ դատարանների ստեղծման օրենքի նախագիծը բացառապես իրենց երեւակայությունների, երազանքների եւ ցանկությունների տիրույթում գտնվող մի նախաձեռնություն է, որի կյանքի կոչման հնարավորությունը չեմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը։
«Այսինքն՝ մի բան է մասնագիտական դատարան հասկացությունը, որը, ըստ էության, քննող մարմին է, լրիվ այլ է գործը, ըստ էության, չլուծող դատական ակտերի համար, այն էլ՝ քրեական գործերով խափանման միջոցի դատարանի ստեղծումը: Դա նույնն է, որ կարելի է ասել՝ ցանկացած իշխանություն պետք է ունենա իրեն հաճելի դատական համակարգը, այն էլ նույնիսկ նեղ հարցերով արդեն: Եթե խոսում էին կոռուպցիայի հարցերով մասնագիտացված դատարանի մասին, դա ուզում էին, որ քննությունը կատարեն իրենց ընտրյալ դատավորները, կրկին քաղաքական մի պրոցես։ Հիմա էլ ուզում են չլուծող, այսինքն՝ նման տեխնիկական բնույթի հարցերն են, որ կարողանան ամբողջությամբ վերահսկել: Ու զարմանալին այն է, որ նախարարն էլ նշում է, որ կոնկրետ գործերով միջամտություն իրենք չեն կարող իրականացնել, պարզապես հարցի քաղաքականությունն են մշակում, որը միայն ժպիտ է առաջացնում: Վստահ եմ՝ նույնիսկ իրենք չեն հավատում արդեն այդպիսի տեքստերին»,- նշեց Վարդեւանյանը։
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ այս աստիճան փորձել մշտապես միջամտել դատական իշխանությանը, աշխարհի ոչ մի երկրում չի լինում. «Ի վերջո մի քիչ էլ միջազգային փորձ կարելի է նայել, ու ամենակարեւորը՝ կարելի է պարզապես նայել դատական ակտերը, որոնք կայացվում են, եւ որոնք իշխանությանը, նույն Արդարադատության նախարարին, ենթադրում եմ, հաճելի չեն, կարդալ դրանք եւ հասկանալ՝ եթե իրենք լինեին որպես իրավաբան դատավորի տեղը, որ բառը կփոխեին: Գործընկերներիցս մեկը շատ հետաքրքիր գրառում էր կատարել վերջերս, որ մշտապես կալանավորումները մերժելու միջնորդություններում դատարանները շատ բարձր պատճառաբանվածության ստանդարտ են ապահովում, 30-40 թերթ դատական ակտեր են կայացնում: Իրականում պետք է լինի հակառակը, պետք է մեկ նախադասությամբ ուղղակի մերժել: Իհարկե, այդ ժամանակ պարզ է չէ, այդ մակարդակի իրավական դիսկուրս, որ մենք ունենք Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած, այդ ժամանակ էլ պետք է սկսեն խոսել նրա մասին՝ այ տեսեք, պատճառաբանված չի եւ խախտվել է մարդուն կալանավորելու իրավունքը»։
Փաստաբանը շեշտեց, որ այս գործընթացը բացառապես քաղաքականություն է, եւ, որ հերթական անգամ գործադիր իշխանությունը ցանկանում է միջամտել դատական իշխանության բնական պրոցեսին. «Օրինակ, նրանք նախագիծը ուղարկե՞լ են Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն դատավական եւ դատական պրոցեսներին վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ պարտադիր պետք է դա իր դիրքորոշումը, եւ նրանք պետք է լսեն այդ դիրքորոշումը, դրա համար է ԲԴԽ-ն ձեւավորվել: Ամեն ինչ այնքան պրիմիտիվ է. հենց նրանք իրենց պատկերացրած դատական ակտերը չեն ստանում, պետք է փորձեն սկսել խոսել տարբեր բաների մասին: Օրինակ՝ մի գուցե մենք Արդարադատության նախարարին առաջարկենք նաեւ, որ այդպիսի փոփոխության հետ զուգահեռ նաեւ օրենքում գրվեր՝ այն դեպքերում, երբ դատական ակտը իշխանությանը հաճելի չէ, հնարավորություն է վերապահվում դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու: Դա ավելի անկեղծ կլիներ, որովյետեւ միտքը նույնն է: Մենք չեն տեղաշարժվել այնտեղից, որ մենք դատարանների մուտքեր ու ելքեր ենք շրջափակում»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ փաստաբանը շեշտեց, որ ներկայիս գործընթացը ցույց է տալիս, որ այդ հանդիպումն իրենց երազած ձեւով չի անցել. «Դրա համար հիմա պետք է նոր մտքեր ունենալ՝ ինչպես անել, որ ինչ միջնորդություն ներկայացնում է իշխանությունը, որովհետեւ իսկապես այդտեղ տրոհել դատախազություն, քննչական… այդ ամենը իրենք իրար հետ բոլորը մի խմբի մեջ են տեղավորվում, պետք է մի գործիք լինի, որ այդ բոլորը բավարարեն, որովհետեւ կա կալանավորման մոլուցք, կալանավորման գերակայության անբնական ձգողականություն: Գոնե օրինակ՝ մենք տեսնեինք Արդարադատության նախարարության կողմից մի քանի կալանավորման միջնորդությունները մերժելու դատական ակտերի վերլուծություն, դրանց «խնդիրների» վերհանում, չկա նման բան: Խափանման միջոցների հետ կապված խնդիր եղել է միայն այն դեպքերում, երբ իշխանահաճո որոշումներ են կայացվել»։
Փաստաբանի խոսքով՝ այդ նախագծի՝ «կյանքի կոչելը» երկար պրոցես է. «Եվ երկրորդը, մեծ կասկածանք ունեմ, որ նման դատավորներ կլինեն, մեծ կասկածանք ունեմ, որ դրա վերաբերյալ առհասարակ որեւիցե դրական արձագանք կարող է լինել: Կարծում եմ՝ սա ուղղակի փրփուրներից կախվելու եւ քաղաքական միջամտություններ իրականացնելու հերթական դրսեւորումներից մեկն է: Սա դատարանների մուտքերի եւ ելքերի շրջափակելու տրամաբանության շարունակությունն է: Վարչապետը, երբ հանդիպել էր Գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին եւ դատավորներին, բառացի համացանցում տեղադրված տեսանյութում ասվում է՝ 50 կալանավորման միջնորդություն է ներկայացվել, 30-ը բավարարվել է, 20-ը մերժվել է, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես: ՀՀ վարչապետը, որը դեռեւս ռազմական դրությունը չի վերացրել, իր Արդարադատության նախարարի հետ միասին՝ արհեստականորեն պահպանելով ռազմական դրությունը, ունենալով ռազմագերիներ, հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանց, կյանքից զրկված հազարավոր մարդկանց, անհետ կորածներ, նման խնդիրների առկայության պարագայում՝ կառավարությունում քննարկում է այդպիսի հարցեր»։
Արամ Վարդեւանյանը նշեց, որ վերջին շրջանում քաղաքական հետապնդումների գործերով ինքը ներկայացուցչություն է իրականացրել, եւ եթե ներկայացնի դատական ակտերը՝ ինչ պատճառաբանվածություններ ունեն, Եվրոպական դատարանի դատավորները կհամարեն դրանք օրինակելի՝ Եվրոպայի խորհրդի պրակտիկայի տեսանկյունից. «Զուգահեռաբար, եթե ծանոթանաք քննիչների ու դատախազների միջնորդություններին, մեր ցանկացած հայրենակից կամաչի: Վստահ եմ՝ քննիչներն ու դատախազները եւս արդեն վատ են զգում, իրենց էլ հաճելի չի լինել նման դիրքում, որ այնքան պրիմիտիվ, թերի միջնորդություններ են ներկայացնում, որ անասելի է»։
Անդրադառնալով վերջին շրջանում դատարանների կողմից կալանքի միջնորդությունների մերժմանը՝ Վարդեւանյանն ընդգծեց, որ դատարաններն այս օրերին պարզապես պատվերներ չեն կատարում եւ իրականացվում է արդարադատություն. «Փառք ու պատիվ դատավորներին, որ ճնշումները, որոնք, ես վստահ եմ, ամենատարբեր ձեւերով իրականացվում են թե՛ հրապարակավ, թե՛ ոչ հրապարակավ, ամեն դեպքում անում են այն, ինչ պարտավոր են անել: Արտառոցն այն է, որ 2,5 տարում մենք տեսել ենք այնպիսի խայտառակ միջամտություններ, այդ պայմաններում մեզ համար դարձել է շատ կարեւոր բան, որ դատավորները կարողանում են դիմակայել: Դատարաններում ձեւավորվում է իմունային համակարգ, որից շահելու են մեր հայրենակիցները տարիների ընթացքում»։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագծի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում:
Նախագծով ներդրվելու է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։
Նախատեսվում է նաեւ ունենալ սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը, ինչը մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման եւ քրեական գործերի քննության արագությանը։




























