Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան երկուշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ իր կառավարությունը դադարեցրել է աշխարհի բոլոր երկրների քաղաքացիներին մուտքի նոր վիզաների տրամադրումը՝ պայմանավորված կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ շտամի ի հայտ գալով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս նոր տարատեսակի հայտնաբերվելու պատճառով մենք մեր բնակչության կյանքի եւ բնականոն գոյության պաշտապնության արագ միջոցառումներ ենք ընդունել: Այս նպատակով դադարեցվել է աշխարհի բոլոր երկրներից նոր տրված վիզաներով երկիր օտարերկրացիների մուտքը»,- Տոկիոյի իր նստավայրում լրագրողներին ասել է նա:

Հեռուստատեսությամբ հեռարձակվող հայտարարությամբ երկրի վարչապետը հիշեցրել է, որ փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսի նոր շտամը ավելի վարակիչ է: «Կանխարգելման միջոցները, սակայն, նախկինն են մնում,- ասել է նա: - Ձեզ կոչ եմ անում անշեղորեն հետեւել այնպիսի կանոններին, ինչպես ձեռքերը լվանալը եւ պաշտպանական միջոցների կրումը: Եվ եկեք հանդարտ անցկացնենք առաջիկա ամանորյա տոները»:

Երկուշաբթիից Ճապոնիայում ուժի մեջ է մտել աշխարհի բոլոր երկրիների եւ տարածաշրջանների քաղաքացիների մուտքի եւ նոր վիզաներ տրամադրելու փաստացի արգելքը՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ: Այս միջոցառումները գործելու են նվազագույնը մինչեւ հաջորդ տարվա հունվարի վերջը: Այդ ժամանակահատվածում երկիր կարող են մտնել միայն ճապոնացի քաղաքացիները եւ այն օտարերկրացիները, որոնք մշտապես բնակվում են այստեղ եւ երկարաժամկետ վիզաներ ունեն: Եթե նրանք վերադառնում են այնպիսի երկրից, որտեղ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել, սահմանն անցնելիս պետք է ունենան COVID-19-ի բացասական թեստի առկայության մասին փաստաթուղթ, որը կատարվել է մինչեւ ժամանելը 72 ժամվա ընթացքում: Նրանք եւս մեկ թեստ պետք է հանձնեն ժամանման վայրի օդանավակայանում:

Միաժամանակ միգրացիոն վերահսկման ծառայությունը չի չեղարկել նոր վիզաների գործողությունը, որոնք տրվել էին մինչեւ դեկտեմբերի 28-ը: Բացառությունը վերաբերում է փաստաթղթերին, որոնք ստացել են Մեծ Բրիտանիայում եւ ՀԱՀ-ում, ինչպես նաեւ մարդկանց, որոնք մինչեւ Ճապոնիա ժամանելը 14 օրվա ընթացքում եղել են այս երկու երկրներում: Այս կարգի մարդկանց համար մուտքն արգելված է:

Ճապոնիայում կիրակիի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով վարակում էր հայտնաբերվել 222 հազար մարդու մոտ: Մահացել է գրեթե 3,3 հազար պացիենտ: Ինտենսիվ թերապիայի բլոկներում ծանր վիճակում է մոտ 660 մարդ: Կիրակի մահացել էր 40 վարակակիր: