Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում կատարվող վճարումների չափը քաղաքացիների համար, որոնց եկամուտը գերազանցում է 1 մլն դրամը, կհասնի 15 հազար դրամի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ եկամտի չափից կախված վճարումները կփոփոխվեն. մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում վճարումները կսահմանվեն 1500 դրամի չափով, 100-200 հազար դրամ եկամտի դեպքում՝ 3000 դրամի չափով, 200-500 հազար դրամ եկամտի դեպքում՝ 5500 դրամի չափով, 500 հազարից 1 մլն դրամ եկամտի դեպքում՝ 8500 դրամի չափով: Իսկ եթե քաղաքացու եկամուտը գերազանցում է 1 մլն դրամը, ապա վճարումը կկազմի 15 հազար դրամ:

«Ըստ գործող նորմերի՝ Հիմնադրամի միջոցները բավարար չեն մարտական գործողություններում մասնակցած անձանց լիարժեք փոխհատուցում վճարելու համար»,-պարզաբանեց նախարարը:

Բացի այդ, Ղարաբաղում զոհված կամավորների ընտանիքները եւս փոխհատուցում կստանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: 

Օրինագծում նաեւ մի շարք փոփոխություններ են կատարվել: Առաջինը վերաբերում է անհետ կորածներին: Ավելի վաղ անհետ կորած ճանաչվելու պայման էր մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին բացակայությունը: Այդ կապակցությամբ կառավարությունը նախատեսում է բացառություն, այսինքն՝ հատուկ կարգավորում զինծառայողների համար՝ կապված ռազմական գործողությունների հետ: Կառավարությունը այդ ժամկետը կկրճատի մինչեւ 3 ամիս:

Բադասյանի խոսքով՝ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհետ կորած ճանաչելու համար: Դատական ակտի՝ ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Նախարարը նշեց, որ խոսքը, մասնավորապես, 70 կամ 82 մլն դրամի չափով փոխհատուցման մասին է՝ կախված կարգավիճակից:

Այլ փոփոխություններ վերաբերում են կամավորներին, ովքեր ներգրավված չեն եղել մարտական գործողություններին զինկոմիսարիատի միջոցով: Ընտանիքի անդամները կամ էլ հենց կամավորները (հաշմանդամության կարգ ստանալու դեպքում) կարող են դիմել ՀՀ ՊՆ տեղեկանք ստանալու համար: Դրա հիման վրա նրանք կարող են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: