Հանրապետական կուսակցությունը ողջունելի է համարում առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Նման բովանդակությամբ հայտարարարություն է տարածել ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա հայտարարության մեջ ասվում է.
«Անշուշտ գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է երկխոսություն է ընթանում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջեւ, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են: Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն:
Կողմերը պետք է կարողանան անընդհատ եւ ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն առաջ տանելուն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված եւ նույնն իրավունք ունի նաեւ ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիա-լական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»:




























