Պարզվել է երեկ` հունիսի 5-ին Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածների եւ վթարի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքին խոչընդոտած անձանց ինքնությունը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունիսի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթի 12 շենքի դիմաց իրար էին ընդհարվել Mercedes 600 14 ՏՕ 581 համարանիշի եւ ՎԱԶ-2107 մակնիշի 24 ԼՏ 912 համարանիշի ավտոմեքենաները: ՎԱԶ-2107-ի ուղեւորներ 52-մյա Գրետա Սարգսյանին, 34-ամյա Անդրանիկ Միքայելյանին, 56-ամյա Սուսաննա Միքայելյանին, եւ 24-ամյա Հարություն Պողոսյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Երբ ֆոտոլրագրողը նկարահանման աշխատանքներ էր կատարում, մեքենաների տերերը` հայհոյանքներ տալով հարձակվել են նրա վրա, հարվածել եւ քաշքշել: Միայն ՃՈ աշխատակիցների շնորհիվ է հնարավոր եղել հանգստացնել հարձակվողներին: Ի դեպ, ինչպես հայտնեց Գ.Շամշյանը, նրանց ձեռքերին եղել են գարեջրի շշեր, Mercedes-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, եւ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, հայհոյանքներ տալու փաստի առթիվ Գագիկ Շամշյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր աշխատանքին խոչընդոտել են Mercedes-ի վարորդ, Լեփսիուսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արթուր Քեհյանը եւ ՎԱԶ-2107-ի վարորդ, Ջրաշեն 1-ին փողոցի բնակիչ, 30-ամյա Գագիկ Պողոսյանը:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























