Մարդիկ պետք է հիշեն, որ իրենք բնության մի մասն են եւ դադարեցնեն այն շահագործելը` հանուն բնապահպանական եւ կլիմայական աղետների կանխման: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ, արքայազն Չարլզը:
Նա հասարակությանը կոչ է արել հիմնվել այն բանի վրա, թե ինչպես են բնիկ համայնքները, ինչպիսին Կանադայի բնիկ ժողովուրդներն են, հարգանքով վերաբերվում բնության աշխարհին եւ ձգտում են պահպանել այն ապագա սերունդների համար: «Եկել է ժամանակը՝ ավելի մեծ ուշադրության արժանացնելու․․․ ամբողջ աշխարհի բնիկ համայնքների եւ բնիկ ժողովուրդների իմաստնությունը»,- ասել է Չարլզը:
«Բայց մենք մոռացել ենք այդ մասին կամ ինչ-որ կերպ մեր ուղեղները լվացել են՝ ստիպելով մտածել, թե մենք ընդհանուր ոչինչ չունենք բնության հետ, եւ բնությանը կարելի է պարզապես շահագործել: Սա խելագարություն է»:
72-ամյա Չարլզը, ով հանդես է եկել այս տարի շուկաներն ավելի դիմացկուն դարձնելու նախաձեռնությամբ, ասել է, որ վերջերս տեղի է ունեցել տրանսֆորմացիա՝ բիզնեսը սկսել է հասկանալ կլիմայական ճգնաժամը:
«Հանկարծ ես նկատեցի, որ վերջին մոտ 18 ամիսների ընթացքում մոտեցման լիովին փոփոխություն է կատարվել»,- ասել է նա՝ նշելով, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ընկերություններին եւ ներդրողներին աջակցել այնպիսի նախագծերի, որոնք գնահատում են բնությունը, մարդկանց եւ մոլորակը:





























