Հայաստանի Կենտրոնական բանկը մայիսին ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժի ընդամենը 5 որոշում է կայացրել: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ-ի պաշտոնական կայքից:
Պատժամիջոցների նման սակավությունը կարելի է մեր ֆինանսական շուկայի համար անսովոր համարել: Համեմատության համար նշենք, որ միայն ապրիլին նմանատիպ 20 որոշում էր կայացվել: Հավանաբար` ապրիլյան խստությունը ներգործել է ֆինանսական շուկայի վրա` մասնակիցներն ավելի կարգապահ են դարձել: Ասվածը թերեւս չի վերաբերում «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությանը, որի նկատմամբ միայն ապրիլին պատասխանատվության ենթարկելու 4 որոշում է կայացվել, ու եւս մեկը`մայիսին: Ընդհանրապես` ապահովագրական ընկերությունները բավական հաճախակի են տուգանվում` համեմատ ֆինանսական մյուս ինստիտուտների:
Նշենք, որ ԿԲ-ն հրապարակում է միայն պատժաչափը` առանց նշելու խախտման կոնկրետ փաստը:




























