Ժողովրդական ներկայացուցիչների (խորհրդարան) համաչինական ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ԱՄՆ-ից պահանջել է վերանայել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված բյուջեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Վաշինգտոնը պետք է հրաժարվի ՉԺՀ-ին վերաբերող բացասական բովանդակությամբ դրույթների կիրառումից»,- ասվում է Պեկինի հայտարարության մեջ: Այն 2021 թվականի ԱՄՆ բյուջեի որոշ կետեր միջամտություն է անվանել Չինաստանի ներքին գործերին: Պեկինը կարծում է, որ Վաշինգտոնը ցանկանում է «անջատողական տրամադրություններ հրահրել Թայվանում» եւ կեղծ տեղեկություններ է տարածում Չինաստանի քաղաքականության վերաբերյալ Հոնկոնգում, Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում եւ Տիբեթում:
2021 թվականի բյուջեում Թրամփը 300 միլիոն դոլար է հաստատել` Պեկինի դեմ պայքարի համար: Բացի այդ, բյուջեում 290 միլիոն դոլար է ներառված Ռուսաստանին հակազդեցության համար եւ 900 միլիարդ ԱՄՆ դոլար` COVID-19 համավարակի դեմ պայքարի խթանման փաթեթի համար:
Վերջերս Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են. երկրներն առեւտրային պատերազմ են մղում եւ մեղադրում միմյանց ներքին գործերին միջամտության մեջ: Օրինակ, Վաշինգտոնը բազմիցս քննադատել է Չինաստանի քաղաքականությունն ույգուրների, ինչպես նաեւ Հոնկոնգի, Տիբեթի եւ Թայվանի բնակչության նկատմամբ:





























