Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնության են հասել Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված աշխատանքային խումբ ստեղծելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն: 

«ԱՄՆ-ի հետ աշխատանքային խումբ է ստեղծվել Ս-400-ի հարցով, սկսվել են տեխնիկական բանակցությունները»,-ասել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին, ինչը ճգնաժամ է առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից եւ դրա փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի) համաձայն:  Անկարան հրաժարվել է զիջումների գնալ եւ շարունակել բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: