Հնարավոր է, Հայաստանը 400 մլն դոլարի վարկ ստանա «ԵվրԱզԵս»-ի հակաճգնաժամային ֆոնդից: Այդ մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Կիեւում երեկ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նրա խոսքով, այդ հարցը կքննարկվի առաջիկա ամիսների ընթացքում` Հակաճգնաժամային ֆոնդի խորհրդի հաջորդ նիստում:
Նշենք, որ Կիեւում հունիսի 4-ին եւ 5-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստը, ինչպես նաեւ` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստ: Դրանց մասնակցել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ա. Կուդրինը լրագրողներին հայտնել է, որ վարկը կուղղվի հայկական տնտեսության մի շարք ճյուղերի վերակառուցմանը: «Մենք որոշել ենք մի քանի պայմաններ, որոնք անհրաժեշտ են այդ վարկի տրամադրման համար»,- ասել է Ա. Կուդրինը` առանց կոնկրետացնելու, թե ինչ պայմանների մասին է խոսքը:
Նշենք, որ հունիսի 5-ին «ԵվրԱզԵս»-ի Հակաճգնաժամային ֆոնդը հավանության է արժանացրել Բելառուսին 3 մլրդ դոլարի վարկի տրամադրումը` 10 տարով: Վարկը տրվում է տարեկան 4.1 տոկոսով, պայմանով, որ Բելառուսը առաջիկա 3 տարիների ընթացքում կսեփականշնորհի մի շարք ակտիվներ 7.5 մլրդ դոլարի չափով: Խոսք է գնում ՎՏԲ-ում, «Սբերբանկում», «Ռոսնեվթ»-ում, «Սովկոմֆլոտ»-ում Բելառուսի ակտիվների մասին:



























