ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 2008-2009 թթ. ստացել է 10 նյութ, որոնց, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տրվել: Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման արդյունքներով հարուցվել է 6 քրեական գործ, երեք նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Ի դեպ, ՀՀ դատախազությունը 2009 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից ստացել է ընդամենը մեկ նյութ՝ Արմավիր մարզի Տալվորիկ համայնքում կատարած ստուգման արդյունքների վերաբերյալ, որի քննարկման արդյունքներով քրեական գործ է հարուցվել:
Դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իր նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները՝ արտացոլված ՎՊ-ի 2008 թ. տարեկան եւ 2009 թ. ընթացիկ հաշվետվությունների մեջ, որոնք տեղադրված են ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնական ինտերնետային էջում, ինչպես նաեւ լուսաբանվել են մամուլում: Արդյունքում՝ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված թվով 12 իրավախախտման դեպքի քրեաիրակավական գնահատական տալու համար պահանջվել են նյութեր:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը դեռեւս 2009թ. հուլիսի 30-ին դիմել է վերահսկիչ պալատի նախագահին՝ խնդրելով տրամադրել այդ նյութերը՝ կոնկրետ մատնանշելով ՎՊ-ի այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնցում դատախազության կարծիքով առկա են հանցագործության հատկանիշներ, սակայն Վերահսկիչ պալատը չի արձագանքել եւ որեւէ նյութ չի տրամադրել:



















