ՀՅԴ կուսակցությունը որոշակի մտավախություններ ունի հունիսի վերջին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, անհանգստության պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դովիլյան հայտարարությունն է, որում ամեն ինչ չէ, որ բխում է հայկական կողմի շահերից: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է աշխատանք սկսեն առկա փաստաթղթերից ինչ-որ մեկի վերամշակման ուղղությամբ: «Իսկ առկա փաստաթղթերից որեւէ մեկի մոդիֆիկացումը չի բխում հայկական կողմի շահերից»,- նկատել է պատգամավորը` ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր չէ:

Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է ինչ-որ փուլում դուրս գա բանակցություններից եւ պնդի դրանք զրոյից սկսելու անհրաժեշտության վրա, արդեն Ստեփանակերտի մասնակցությամբ: «Միեւնույն ժամանակ մենք ավելորդ կոռեկտություն ենք պահպանում բանակցություններում, ինչը առիթ տալիս Բաքվին լկտիանալ աչքի առաջ»,- ասել է պատգամավորը: