Ադրբեջանը սկսել է Եվրոպային գազ մատակարարել Տրանսադրիատիկ գազատարով, հինգշաբթի հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը:

«Տրանսադրիատիկ գազատարով մատակարարման մեկնարկով ապահովվել է «Հարավային գազային միջանցքի» ռազմավարական նպատակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ ադրբեջանական գազը եվրոպական շուկային մատակարարելով՝ «բացվում է նոր էջ Ադրբեջանի՝ որպես գազային երկրի զարգացման գործում»:

Նշվում է, որ 25 տարվա համար նախատեսված մատակարարումները նախատեսում են դեպի Եվրոպա ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարում, որոնցից 8 մլրդ խորանարդ մետրը կստանա Իտալիան, 2 խորանարդ մետրը՝ Հունաստանն ու Բուլղարիան:

 «Այսօրվա մատակարարման մեկնարկը գործընկեր պետությունների, ընկերությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների օրինակելի համագործակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի կառավարությունների անընդմեջ աջակցության տրամաբանական արդյունք է»,-նշված է էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ հինգշաբթի գազն արդեն մատակարարվել է Իտալիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի ցանցեր: Ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը նշել է. «Ստանալով գազ նոր աղբյուրից եւ այլընտրանքային երթուղով՝ Եվրոպան կամրապնդի իր էներգետիկ անվտանգությոնը»: Ընկերությունում նաեւ հայտնել են, որ գալիք տարվա ամռանը կմեկնարկի Տրանսադրիատիկ գազատարով մատակարարումների երկրորդ փուլը: