Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան նախնական համաձայնություն են ձեռքբերել Հիբրալթարի կարգավիճակի հարցով Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը թվիթերյան գրառմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սկսում ենք նոր փուլ: Մենք նախնական համաձայնություն ենք ձեռքբերել Միացյալ Թագավորության հետ Հիբրալթարի հարցով, որը թույլ է տալիս մեզ չեզոքացնել խոչընդոտները եւ ընթանալ դեպի առաջ՝ համընդհանուր բարգավաճումը: Շնորհակալ ենք օտարերկրյա բանակցորդներին»,-գրել է Սանչեսը:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համաձայնության շրջանակում Հիբրալթարում կտարածվի ԵՄ-ի հետ գործող պայմանագրերի մի մասը, օրինակ, շենգենյան համաձայնագիրը:

Հիբրալթարը Մեծ Բրիտանիայի տարածք է Պիրենեյան թերակղզում, որի շուրջ կա վեճ Մադրիդի հետ: Քանի դեռ երկու երկրները գտնվում են Եվրամիության կազմում, իսպանա-բրիտանական հարաբերությունների այդ վաղեմի դիլեմայի կապակցությամբ իրավիճակը չի սրվել: Դուրս գալով Միացյալ Թագավորությունից եւ, հետեւաբար, դրա բոլոր տարածքներից, այդ տարածքի բնակիչները կարող են կորցնել մուտքը դեպի եվրոպական շուկա, իսկ վատագույն դեպքում՝ նաեւ ԵՄ կազմում ազատ տեղաշարժման հնարավորությունից:

Դեկտեմբերի 24-ին Բրյուսելն ու Լոնդոնը համաձայնեցրել են Brexit-ից հետո գործընկերության մասին համաձայնագրի տեքստը: Համաձայնագիրը ենթադրում է ազատ առեւտուր առանց քվոտաների եւ սակագների, միմյանց տարածքի, ծովային եւ օդային տարածության մեջ անսահմանափակ մուտքի հասանելիություն եւ բալանսավորված մուտք դեպի ծովային ռեսուրսները: Կողմերը մտադիր են ապահովել իրենց քաղաքացիների համար հավասար հասանելիություն մեկը մյուսի սոցիալական համակարգերի հարցում: Բրյուսելն ու Լոնդոնը հրաժարվել են արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմի եւ պաշտպանության ոլորտներում գործողությունների համակարգումից: