ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ամանորյա ելույթ չի ունեցել, այլ սահմանափակվել է ժողովրդին ուղղված ձեռագիր նամակով: Նամակի տեքստը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Անկեղծորեն մաղթում եմ երկրի բոլոր ընտանիքներին թանկագին երջանկության էլ ավելի մեծ բարգավաճում, սիրելի ժողովրդին՝ բարեկեցություն»,- գրում է հյուսիսկորեացի առաջնորդը:
Նա նաեւ խոստացել ավելի մեծ եռանդով պայքարել հանուն «մեր ժողովրդի իդեալների ու նկրտումների ծաղկման նոր դարաշրջանին մոտենալու»:
Կիմ Չեն Ընի նամակը հայտնվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության ութերորդ համագումարի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին: Հավաստագրերը համագումարի մասնակիցներին հանձնվել են 2020-ի վերջին օրը:
ԿԺԴՀ-ն Նոր տարին դիմավորել է Փհենյանի կենտրոնական հրապարակում տոնական համերգով, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ եւ ավարտվել է հրավառությամբ:





























