Այս տարի ամբողջ բերքը իրացվելու է ժամանակին եւ առանց խոչընդոտների: Այս մասին հունիսի 5-ին Տավուշի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա կիրակի օրն անցկացրել է Տավուշի մարզում` հետեւելով սահմանամերձ գյուղերում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, այցելել է վերամշակող մի քանի ընկերություններ, հանդիպել գյուղացիներին:
Գյուղատնտեսության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատկանշական է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում այս տարի ավելացել են ցանքատարածությունները, եւ այս միտումը կշարունակվի: Չինարիում, օրինակ, 3 հեկտարի հասնող հատապտղի օրգանիկ այգիները կավելանան եւս 3 հա-ով: Այգեգործության զարգացմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում վերամշակող գործարանների վերաբացման ուղղությամբ; Վարագավանի պահածոների գործարանն արդեն սկսել է աշխատանքները: Գյուղատնտեսության նախարարը խոստացել է օգնել նաեւ Այգեձորի պահածոների գործարանի վերաբացման հարցում:
Տավուշի մարզում զգալի ներդրումներ են կատարվում գինեգործության զարգացման ուղղությամբ: Նախարարը ծանոթացել է Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի աշխատանքներին, որտեղ նրան տեղեկացրել են, որ պատրաստ են գյուղացիներից ընդունել ամբողջ բերքը:
Սերգո Կարապետյանը եղել է նաեւ «Մասիս Տոբակո»-ի կողմից կառուցվող Տավուշ եւ Ազատամուտ համայնքների ծխախոտի չորանոցներում: Այստեղ նրան տեղեկացրել են, որ ծխախոտի մշակության դաշտերն ընթացիկ տարում կավելանան եւ, 2010-ի 370 հա-ի դիմաց, այս տարի պայմանագիր կկնքվի 500 հա-ի համար:




























