Երեւանում զգալիորեն կրճատվել է հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ իրականացվող մոնիտորինգը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրային սննդի 30 օբյեկտներ ծխողների եւ չծխողների համար արդեն առանձնացրել են հատուկ գոտիներ:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներում եւ տնտեսվարողներին հորդորել, որպեսզի պահպանեն սահմանված անհրաժեշտ նորմը:

Անդրադառնալով կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել ոռոգման աշխատանքներին:

Քաղաքապետը շեշտադրել է գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մարումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:  Գույքահարկի եւ հողի հարկի բազային տվյալները ճշտելու եւ գնահատական տալու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է կազմակերպել քննարկում: