Ամանորյա տոներին մեծացել է Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի տեղաշարժի ինտենսիվությունը: Ամանորին Լեռնային Ղարաբաղում անձնական ավտոմեքենաներով իրենց տուն են ակտիվորեն վերադառնում փախստականները Երեւանից: Ստեփանակերտի շրջանում մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման վերականգնումից հետո տեղաբնակները գերադասում են դիմավորել Ամանորը հայրենի գյուղերում, հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն ավելի քան 47 հազար փախստական:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն: Տեղաբնակները ոչ միայն շնորհակալ են խաղաղապահներին, այլ նաեւ շնորհավորում են նրանց Ամանորը:

Նոյեմբերի 10-ից, համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի՝ հրադադարի մասին համատեղ հայտարարության, Լեռնային Ղարաբաղում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտը: