2020 թվականին ամբողջ աշխարհում բնական աղետները հանգեցրել են 210 միլիարդ դոլարի չափով վնասի, ընդ որում՝ Միացյալ Նահանգները հատկապես տուժել են փոթորիկների եւ անտառային հրդեհների հետեւանքով:

Գերմանական Munich Re ապահովագրական ընկերության կողմից հաշվարկված վնասը ավելացել է անցած տարվա ցուցանշի համեմատ, որը կազմել էր 166 միլիարդ դոլար, եւ այդ ավելացումը պայմանավորված է մոլորակում տաքացման ավելի բարձր ռիսկով: Munich Re-ի տվյալներով՝ ապահովագրված վնասը հասել է 82 միլիարդ դոլարի՝ ի տարբերություն 2019 թվականին գրանցված 57 միլիարդ դոլարի:

Դրանք ծանրացնում են կորոնավիրուսի համավարակի բեռը, որն ուժգին հարվածել է ապահովագրական ոլորտին: «Կլիմայի փոփոխությունը կունենա էլ ավելի զգալի դեր այդ բոլոր վտանգներում»,-ասել է Munich Re-ի վարչության անդամ Թորստեն Եվորեքը՝ նշելով փոթորիկները, անտառային հրդեհները: «Գործելու ժամանակն է»,-ասել է նա:

Փոթորիկների սեզոնը «հիպերակտիվ» էր, գրանցվել է 30 փոթորիկ: Տապն ու երաշտը հանգեցնում են անտառային հրդեհների, որոնք անցած տարի 16 միլիարդ դոլարի չափով վնաս են հասցրել ԱՄՆ-ի Արեւմուտքում: Չինաստանում ջրհեղեղներն ամենաթանկարժեքն էին՝ 17 միլիարդ դոլարի վնաս, սակայն ապահովագրված էր վնասի միայն 2 տոկոսը: