Հունաստանը մինչ հունվարի 21-ը 7-օրյա կարանտին է սահմանել` մինչ այժմ երկիր ժամանող միջազգային չվերթների բոլոր ուղեւորների 3-օրյա կարանտինի պահանջի փոխարեն: Այս մասին հայտնել է Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Փաստաթղթում ասվում է, որ «Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է ուղեւորներին ավիացիայի նոր հրահանգի մասին, որը վերաբերում է միջազգային ավիաընկերությունների բոլոր ժամանող ուղեւորներին եւ նախատեսում է 7-օրյա կարանտին»: Միեւնույն ժամանակ, հայտարարվել է «միջազգային թռիչքների դեպքում COVID-19-ի վերաբերյալ առկա հրահանգների երկարաձգման մասին, որոնք կգործեն մինչեւ 2021 թվականի հունվարի 21-ի կեսգիշեր», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, նոր հրահանգը, որն ուղղված է ուղեւորներին եւ քաղաքացիներին COVID-19 հիվանդությունից պաշտպանելուն, նախատեսում է, որ բոլոր ուղեւորները, ովքեր մուտք են գործում Հունաստան մինչեւ 2021 թվականի հունվարի 21-ը ցանկացած օտար երկրից, ներառյալ Եվրամիության անդամ երկրները, պետք է անցնեն 7-օրյա պարտադիր կարանտին՝ տանը կամ ժամանակավոր բնակության վայրում, որը նշված է Passenger locator form (PLF)-ում, եթե նրանք Հունաստանում ավելի կարճ ժամանակահատված չեն մնում: Ավելի կարճ ժամանակահատվածի դեպքում գործում է ժամանակավոր կարանտին, այսինքն՝ մինչեւ նրանց մեկնումը: Բացի այդ, արտասահմանից ժամանելուն պես ուղեւորները պետք է պատահական հիմունքներով անցնեն արագ թեստեր: Այս դեպքում, Մեծ Բրիտանիայից ժամանող բոլոր ուղեւորները ժամանելուն պես պետք է անցնեն էքսպրես-թեստ: Միեւնույն ժամանակ, կարանտինից դուրս գալու համար Միացյալ Թագավորությունից ժամանած ուղեւորները 7-օրյա ժամկետից հետո պետք է անցնեն նոր ՊՇՌ թեստ, որը պետք է բացասական լինի, որպեսզի կարանտինի սահմանափակումները հանվեն նրանց վրայից: Թեստի դրական արդյունքի դեպքում կարանտինը կգործի 14 օր:

Մինչեւ 2021 թվականի հունվարի 21-ը կերկարաձգվեն նաեւ հետեւյալ կանոնները: Ուղեւորներն արտասահմանից կընդունվեն միայն կորոնավիրուսի բացասական թեստով, որն արվել է նրանց ժամանումից 72 ժամ առաջ: