Երկուշաբթի բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի քարքայազն Չարլզը One Planet («Մեկ մոլորակ») գագաթնաժողովում մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ կանի տարվա ընթացքում 10 մլրդ դոլարի ներդրում կատարել շրջակա միջավայրի պաշտպանության մեջ, հայտնում է The Daily Telegraph-ը:
Պարբերականը նշում է, որ այս կոչի նպատակն է ընկերություններին դրդել միջոցներ հատկացնել լանդշաֆտի, անտառների վերականգնման եւ ածխածնի արտանետումների փոխհատուցման նախագծերին:
Շրջակա միջավայրի պաշտպանության մեջ ներդրումներ կատարելու կոչը արքայազնի Terra Carta նոր էկոլոգիական նախագծի շրջանակում միջոցառումներից մեկն է: Նախաձեռնությունը ընկերությունների համար պարունակում է հաջորդ տասնամյակում դեպի ավելի էկոլոգիական ապագա շարժվելու հանձնարարականներ:
Գագաթնաժողովում ելույթի ժամանակ Չարլզը մտադիր է ամբողջ աշխարհի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ անել սատարել նախագիծը, որ «գալիք տասնամյակում բարգավաճումը ներդաշնակվի բնության, մարդկանց եւ մոլորակի հետ»:
Ամենամյա One Planet չորրորդ գագաթնաժողովը, որ նվիրված է Երկրի բազմազանության եւ նրա կլիմայի պաշտպանության հարցերին, բացվելու է երկուշաբթի՝ Ֆրանսիայի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձեւաչափով: Օրվա ընթացքում վիրտուալ հարթակում ելույթ են ունենալու 20-ից ավելի քաղաքական առաջնորդներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:





























