«Իմ քայլը» իշխող դաշինքն առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթը նշել որպես Ազգային փոքրամասնությունների օր: Այս մասին հունվարի 11-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Ռուստամ Բակոյանը:
Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է: «Այդուհանդերձ, Հայաստանում ապրում են շուրջ 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանք տարբեր տարիների իրենց որոշակի դերակատարումն են ունեցել Հայաստանի կյանքում: Ուստի անհրաժեշտ եմ համարում Հայաստանում նշել ազգային փոքրամասնություններին նվիրված օր»,- ասաց Բակոյանը:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն իր հերթին նշեց, որ կոնկրետ օր նշանակելով՝ երկրի ղեկավարությունը փաստացի պարտավոր կլինի ավելի շատ ուշադրություն հատկացնել ազգային փոքրամասնությունների մշակութային յուրօրինակության բարձրացման գործընթացին՝ երկրում անցկացվող տարբեր մշակութային միջոցառումների իրականացման համատեքստում, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածությանը: Փոխնախարարն այս համատեքստում դրական գնահատեց Բակոյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը:
Կարճատեւ քննարկումներից հետո պատգամավորները օրինագծին դրական եզրակացություն տվեցին:




























