Ղազախստանում իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, հաղթել է խորհրդարանական ընտրություններում` հավաքելով ձայների 71.09 տոկոսը, հայտնել է ԿԸՀ քարտուղար Սաբիլա Մուստաֆինան:
Կիրակի Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատի) եւ մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմինների) պատգամավորների ընտրությունները
«Նուր Օթան» կուսակցությունը` 71.09 տոկոս»,- ասել է Մուստաֆինան` հայտարարելով քվեարկության արդյունքների մասին:
«Նուր Օթան»-ից բացի, ԿԸՀ-ի տվյալներով, խորհրդարան են մտնում «Ակ ժոլ» (Լուսավոր ուղի) կուսակցությունը եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (ՂԺԿ), որոնք ներկայացված են նաեւ մաժիլիսի ներկայիս կազմում: Դրանք հավաքել են ձայների համապատասխանաբար 10.95 եւ 9.1 տոկոսը:
«Աուիլ» եւ «Ադալ» կուսակցությունները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հավաքել են ձայների 5.29 եւ 3.57 տոկոսը եւ չեն հաղթահարել 7 տոկոսանոց շեմը:




























