Հայաստանում արդեն երկու ամիս է իշխանություն չկա: Երկրում քաոս եւ անարխիա է տիրում: Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Մոսկվա եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը:
Քաղտեխնոլոգը, միեւնույն ժամանակ, վրդովմունք հայտնեց առ այն, որ իշխանությունը նաեւ քաղաքական ընդդիմության ձեռքում չէ: «Այսպես չի կարող երկար շարունակվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ապացուցեց, որ ի վիճակի չէ որեւէ հարց լուծել` սկսած քաղաքական, անվտանգության խնդիրներից, ինչի ականատեսն ենք այսօր, վերջացրած տնտեսական խնդիրներով: Նա շարունակում է խոստումներ բաժանել, իբր, ամեն ինչ լավ է լինելու, շուտով սկսվելու է համագործակցությունն ու առեւտուրն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ` չհաշված խոստումները բազմամիլիոնանոց, եթե ոչ բազմամիլիարդանոց ներդրումների ներգրավման մասին: Սակայն մենք տեսնում ենք, որ նման բան չկա եւ չի կարող լինել»,- ասաց Քոչարյանը:




























