Օմանի սուլթանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների մասին, որը ներառում է թագաժառանգի նշանակում եւ խորհրդարանի աշխատանքի նոր կանոններ:

ONA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ սուլթան Հայթամ բին Թարիք ալ-Սաիդի կողմից հրապարակված նոր Հիմնական օրենքը նաեւ ընդգծում է պետության դերը քաղաքացիների համար ավելի շատ իրավունքներ եւ ազատություններ ապահովելու գործում:

Սուլթան Հայթամը իշխանության է եկել մեկ տարի առաջ իր նախորդի՝ Սուլթան Քաբուսի մահից հետո: Քաբուսը թագաժառանգ չուներ եւ իր հաջորդին նշել էր կնքված ծրարում, որը բացվել է նրա մահվանից հետո:

Հիմնական օրենքը սահմանում է թագաժառանգ արքայազնի նշանակման մեխանիզմները եւ նրա պարտականությունները: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ով է դառնալու նոր թագաժառանգ, եւ այլ մանրամասներ: Այն նաեւ հաստատում է օրենքի գերակայությունն ու դատական համակարգի անկախությունը՝ որպես Օմանում կառավարման հիմք: