Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին երեկ հաղորդվել է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Երեկ հանրապետության նախագահի [կորոնավիրուսի ախտորոշման] թեստը բացասական արդյունք ուներ: Չնայած այսօր կորոնավիրուսի հակագեների առկայության թեստը բացասական է եղել, հայտնի է դարձել, որ 21:40-ին ՊՇՌ թեստը դրական արդյունք է գրանցել»,- նշված է երկրի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ պորտուգալացի ղեկավարը կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի:

Նախագահի մասնակցությամբ առաջիկայում նախատեսված միջոցառումները չեղարկվել են, հայտնել են մամուլի ծառայությունից:

Հանրապետության առողջապահության գլխավոր վարչության տվյալներով՝ Պորտուգալիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի թիվը անցել է 489 հազարից: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7 925-ի: