ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը երկուշաբթի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, բոլոր ամերիկացիներին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ պատվաստվել: Նա համապատասխան հայտարարությունը հրապարակել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բարեկամներ, հենց նոր ինձ ներարկեցին COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, եւ ինչպես առաջին դեղաչափի դեպքում, ամեն ինչ շատ արագ, անվտանգ ու առանց ցավի անցավ,- նշել է Բայդենը: - Ես բոլորին կոչ եմ անում պատվաստվել, երբ հերթը ձեզ հասնի: Միայն միասին մենք կկարողանանք կյանքեր փրկել եւ հաղթել այս վիրուսը»:

ԱՄՆ-ում պատվաստանյութերի բաշխման կարգը նահանգից նահանգ տարբերվում է, սակայն այս պահին դրանք առավելապես հասանելի են բժիշկներին, բուժհաստատությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ ծերանոցների աշխատողներին ու կենվորներին եւ ստացիոնարներին: Նրանցից հետո կարող են պատվաստվել արտակարգ ծառայությունների աշխատողները եւ 75-ն անց քաղաքացիները, նրանց կհաջորդեն 65-74 տարեկան մարդիկ, ինչպես նաեւ 16-64 տարեկանները՝ նրանց մոտ քրոնիկական հիվանդություն լինելու դեպքում:

Բայդենը երկուշաբթի ավելի վաղ մամուլի ներկայությամբ ստացել էր ամերիկյան Pfizer ընկերության եւ գերմանական BioNTech-ի մշակած պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Բայդենը դեղամիջոցի առաջին դեղաչափով պատվաստվել էր դեկտեմբերի 21-ին:

ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանն առընթեր Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունը 2020 թվականի դեկտեմբերին հավանություն էր տվել Pfizer-ի եւ BioNTech-ի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին: Արտոնագիր է ստացել նաեւ ամերիկյան Moderna ընկերության թողարկած պատվաստանյութը:

Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 22,5 մլն դեպք, մահացել է 374,7 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով աշխարհում առաջին տեղում է: