Հանրապետական կուսակցության մի շարք պատգամավորներ` Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Կարեն Ավագյան, Կարինե Աճեմյան, Մկրտիչ Մինասյան եւ Գրիգոր Մարգարյան` օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկ են ներկայացրել փոփոխություններ կատարելու ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում:
Հատկանշական է, որ սույն առաջարկը ներկայացնողներից միայն Գրիգոր Մարգարյանն ունի գործարար պատգամավորի ճանաչում, ու միայն Հերմինե Նաղդալյանն է ներկայացված տնտեսական հարցերի հանձնաժողովում:
Պատգամավորները նշում են, որ ստուգումների մասին օրենքում կան հակասոություններ ու անճշտություններ, որոնք պետք է շտկել:
Մասնավորապես` առաջարկվում է սահմանափակել միաժամանակյա ստուգումները տարբեր մարմինների կողմից, եթե տնտեսվարողը առարկում է դրան: Այս լրացման անհրաժեշտությունը պայմանավորվել է նրանով, որ տեսականորեն ստուգող բոլոր (թվով` 24) պետական մարմինները կարող են միաժամանակ ստուգումներ կամ ուսումնասիրություններ կատարել ցանկացած տնտեսավարող սուբյեկտի մոտ, ինչը, բնականաբար, կարող է բավականին մեծ խոչնդոտներ հարուցել տվյալ տնտեսավարողի գործունեության համար: Մյուս կողմից, հաշվի է առնվել, որ տնտեսավարող սուբյեկտների համար կարող է նաեւ ձեռնտու լինել միանգամից բոլոր ստուգումներն անցնելու մեխանիզմը, որի պատճառով էլ առաջարկվող սահմանափակման կիրառումը պայմանավորվել է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի ցանկությամբ:
Նշենք, որ կառավարությունը եւս իր կողմից մի շարք օրենքներ է ներկայացրել խորհրդարան` ստուգումները կանոնակարգելու նպատակով:
Ուստի առաջարկվել է պատգամավորներին` նշված առաջարկությունները քննարկել կառավարության հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:




























