Օմանի սուլթանին կփոխարինի նրա ավագ որդին՝ Դի Յազանը, համաձայն նոր հիմնական օրենքի, որը սահմանում է թագաժառանգության եւ իրավահաջորդության նոր կանոններ՝ միապետից ավագ որդուն, հայտնում է Reuters-ը:

Սուլթան Հայթհամ բին Թարիք ալ-Սայիդը նախօրեին՝ իր նախորդ Սուլթան Քաբոսի մահից մեկ տարի անց, հայտարարել է սահմանադրական փոփոխությունների պլանների մասին: Սուլթան Քաբոսը զավակ չուներ եւ իր 49-ամյա գահակալության ընթացքում հրապարակավ չի հայտարարել իր իրավահաջորդի մասին:

Սուլթան Հայթհամը վերափոխել է իր կառավարության եւ պետական կառույցները եւ ձեռնամուխ եղել երկար սպասված ֆինանսական բարեփոխումների՝ նշանակելով ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարներ եւ կենտրոնական բանկի նախագահ՝ պորտֆելներ, որոնք պատկանում էին հանգուցյալ սուլթանին:

Նրա որդին՝ 30-ամյա Դի Յազան բեն Հայթհամը նշանակվել էր մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար եւ ամենաերիտասարդ նախարարն էր Օմանում: Նա նախկինում աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, հայտնում են օմանական լրատվամիջոցները:

Նոր հիմնական օրենքը նախատեսում է արտաքին քաղաքականություն, որը հիմնված է բոլոր պետությունների հետ բարեկամական հարաբերությունների վրա: Այն նաեւ պահպանում է Շուրայի խորհրդատվական խորհուրդը՝ խորհրդարանի ստորին պալատը: