Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբոռնը եւ Եվրամիության ներկայացուցիչները ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպելու ցանկություն չեն հայտնել, ուստի Պետքարտուղարությունը չեղարկել է Եվրոպա նախատեսված այցը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
Գործակալության աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ Բրյուսելում ԵՄ ղեկավարների հետ հանդիպելուց առաջ Պոմպեոն ցանկացել է գնալ Լյուքսեմբուրգ, սակայն այս երկրի ներկայացուցիչները բանակցություններ վարելու ցանկություն չեն հայտնել: Այդ փուլում Բրյուսել գնալու ծրագիրը դեռ ուժի մեջ էր: Սակայն հանդիպումների ժամանակացույցի վերջին տարբերակում ԵՄ-ում ոչ մի ծրագրած բանակցություն կամ ՆԱՏՕ-ում հրապարակային միջոցառում չէր եղել: Reuters-ի մյուս զրուցակիցն ասել է, որ ԱՄՆ դաշնակիցները հայտնվել են տարակուսանքի մեջ Պոմպեոյի առաջիկա այցի հետ կապված՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ից գործակալության հետ զրույցում հաստատել են, որ Պոմպեոյի հետ հանդիպումը չեղյալ է հայտարարվել, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել: ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը ավելի վաղ ներկայացրել էր չորեքշաբթի կայանալիք Պոմպեոյի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, սակայն առնվազն վերջին 15 տարում առաջին անգամ դաշինքը հայտարարել էր, որ չի կազմակերպի մամուլի նկատմամբ մոտեցումները ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ կապված: Նախատեսված էր հանդիպում նաեւ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական հարցերի ու արտաքին առեւտրի նախարար Սոֆի Վիլմեսի հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունից ի պատասխան Պոմպեոյի այցի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցմանը հրաժարվել էին մեկնաբանություն տալ, իսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԵՀ-ում մոտակա օրերին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումներ չեն նախատեսում:
ԱՄՆ Պետքարտուղարությունը երեքշաբթի չեղարկել էր այս շաբաթ նախատեսված Պոմպեոյի բոլոր ուղեւորությունները, ներառյալ հունվարի 13-14-ը պետքարտուղարի այցը Բելգիա: Գորատեսչության հայտարարության մեջ նշված էր, որ այսպիսի որոշում է կայացվել նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի թիմին իշխանությունը փոխանցելու անհրաժեշտության հետ կապված:




























