Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ դեսպան ՄԱրի Յովանովիչը մասնակցություն է ունեցել իշխանությունների հետ երկխոսելու նպատակով ՀԱԿ-ի պատվիրակության կազմի ընտրության հարցում:
«Լինելով ՀԱԿ շտաբի եւ քաղխորհրդի անդամ` ուղղակի հերքում եմ այդ լուրը: Պատվիրակության կազմը համաձայնեցված է եղել ՀԱկ անդամ բոլոր կուսակցությունների հետ, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բանակցություններ է վարվել կուսակցությունների ղեկավարների հետ: Եւ դա մեր համատեղ որոշումն է, որը մենք ներկայացրել ենք: Եւ այս հարցում որեւէ երկրի դեսպան դերակատարություն ունենալ չէր կարող»,-նշեց Սարգսյանը:
Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին`Հայաստանում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու ուղղությամբ իրականացրած իր առաքելության համար: Ըստ ՍԴՀԿ ատենապետի` Յովանովիչն իր նախաձեռնությամբ չէ, որ քայլեր էր կատարում: Նրա գործողությունները ամերիկյան քաղաքականության դրսեւորումն են, ուստի ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը նույնպես գործելու է նույն տրամաբանության շրջանակներում եւ ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը տեղի ունենա:
«Հետեւաբար` շնորհակալ ենք Յովանովիչին, որ կարողացավ առ այսօր այդ առաքելությունը տանել, շարունակությունը, կարծում եմ, ամերիկյան կողմը կփորձի տրամաբանական ժամկետներում իրականացնել»,-նկատեց ՍԴՀԿ ատենապետը: Նա միաժամանակ հավելեց, որ ամեն ինչ պետք է անել` այլ պետությունների ազդեցություններից զերծ մնալու համար: Սակայն դա, ըստ ընդդիմադիր գործչի, հնարավոր է միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ձեւավորվի օրինական ու ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի կազմած պատվիրակության կազմում ներգրավված են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:




























