Կառավարության հունիսի 10-ի նիստի օրակարգում ընդգրկվել է Գորիսը զբոսաշրջային կենտրոն հռչակելու մասին որոշման նախագիծ: Նշենք, որ սույն նախագիծը ներկայացվել է ոչ թե էկոնոմիկայի նախարարության (այդ գերատեսչության հիմնական գործառույթներից մեկն էլ հենց զբոսաշրջության զարգացումն է), այլ մշակույթի նախարարության կողմից:

Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ պետք է մշակվի Գորիսի պատմամշակութային հիմնավորման նախագիծը:

Ներկայացված հայեցակարգում նշվել է, որ Գորիսի արժեքավոր հուշարձաններից հատկապես առանձնանում են. հին Գորիսը` վաղ շրջանի ամրոցով,  ժայռափոր բնակելի եւ հասարակական համալիրներով, «քերծերով», «Քրատակներով»,  եկեղեցին, դպրոցը, տպարանը, «Պասսաժի» խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը, Միրումյանների, Յոլյանների ու Բադիրյանների առանձնատները եւ այլն: Հնարավոր է` Գորիսի պատմական կենտրոնում ստեղծվի մշակութային գոտի` «Հին Գորիս» պատմամշակութային արգելոցը:

Նշվել է նաեւ, որ Գորիսի աշխարհագրական դիրքը նպաստավոր է էկոլոգիական եւ արկածային զբոսաշրջության զարգացման համար: