Արաբական աշխարհի ապստամբությունների շարունակությունն Ադրբեջանում կանխելու համար Իլհամ Ալիեւը բացում է նավթային եկամուտների ծորակը` բարձրացնելով աշխատավարձերն ու կառուցելով դպրոցներ: Այդ մասին գրում է «The Moscow Times»-ը` հղում անելով Reuters-ին:

Ունենալով նավթի եւ բնական գազի մեծ պաշարներ եւ դրանք առաքելով Եվրոպա եւ Ռուսաստան` Ադրբեջանը բարեկարգեց եւ նոր տեսք տվեց մայրաքաղաք Բաքվին, ներգրավեց հսկայածավալ օտարերկրյա ներդրումներ, ֆինանսավորում է շնորհալի երիտասարդների ուսումը Հարվարդում, Օքսֆորդում եւ Քեմբրիջում:

Սակայն այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին երկրում տեղի ունեցան բողոքի փոքր ցույցեր` տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների պահանջով: Ձերբակալվեց մոտ հարյուր մարդ: Բողոքի գլխավոր պատճառներից մեկը հարուստների եւ աղքատների միջեւ եկամուտների հսկայական տարբերությունն է:

Ավելի մեծ անկարգությունների սպառնալիքը ստիպեց Ալիեւին ավելացնել ծախսերը, որպեսզի թուլացնի ճնշումը ղեկավարության վրա: Իշխանություններին ուղղված մեղադրանքները հիմնականում երկուսն են` մարդու իրավունքների ոտնահարում եւ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակակամրտություն:

«Կառավարությունը փորձում է թուլացնել լարվածությունը` բարձրացնելով աշխատավարձը եւ կյանքը դարձնելով ավելի բարեկեցիկ: Նրանք ցանկանում են կասեցնել աջակցությունն ընդդիմությանը: Այդ ամենը տեղի ունեցավ միայն Եգիպտոսի, Թունիսի եւ Լիբիայի հեղափոխություններից հետո: Այնպես որ եկեք հետեւենք, թե ինչ կկատարվի Ադրբեջանում»,- ասում է նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Տարվա սկզբից նավթի գինը բարձրացել է մոտ 30 տոկոսով: Օրական մոտ մեկ միլիոն բարել նավթ արդյունահանող Ադրբեջանի կառավարության համար գնի այդ բարձրացումը նշանակում է պետբյուջեի համար ապահովել լրացուցիչ 4 միլիարդ դոլարի եկամուտ:

«Մեր պետական բյուջեն աճել է եւ բոլոր եկամուտները կհատկացվեն մեր ժողվրդի կյանքի սոցիալական պայմանների բարելավմանը»,- հայտարարեց կապի փոխնախարար Էլմիր Վելիզադեն:

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները մեղադրում են կառավարությանը խախտումների մեջ: Նրանք բողոքում են ոստիկանությունում մարդկանց խոշտանգման ենթարկելու, ընտրությունները կեղծելու եւ դատարաններում իրավունքի գերակայության սկզբունքի չկիրառման դեմ:

«Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատթարանում է բոլոր հնարավոր ուղղություններով: Խոշտանգումների, դատական համակարգի եւ սեփականության իրավունքի հիմնախնդիրներն այժմ շատ ավելի լուրջ են, քան խորհրդային համակարգի օրոք», - ասում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:

Դժգոհության ժողովրդական ալիք բարձրացնելու հույսով` ընդդիմադիր քաղաքական գործիչները մտադիր են ավելի շատ հանրահավաքներ անցկացնել հունիսի երկրորդ կեսին` դնելով բարեփոխումների պահանջ: