Մոսկվայում հունիսի 6-ին տեղի է ունեցել Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրության պրեմիերան: Նախագիծն իրականացրել են Մոսկվայի թատերական բուհերում սովորող հայ երիտասարդները` սեփական միջոցներով: Պրեմիերային ներկա են եղել 500-ից ավելի մոսկվայաբնակ հայեր:
Թատերական բուհերի ուսանողներն իրենց պարտքն են համարում հայկական մշակույթը նմանատիպ միջոցներով հայրենիքից կտրված ռուսաստանաբնակ հայերին հասցնելը:
Միաժամանակ, ըստ հայ ուսանողների, Հայաստանի կառավարության կողմից ռուսաստանաբնակ հայերի հայապահպանմանն ու հայրենաճանաչությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում: Լիակատար անգործության է մատնված նաեւ Ռուսաստանի հայերի միությունը: Նրանց ներկայացմամբ, ձեւական է նաեւ Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի գործունեությունը, որի աշխատանքը «սահմանափակվում է միայն Մոսկվայում կառուցվող նոր եկեղեցու համար հարուստ հայերից աստղաբաշխական գումարներ հավաքելով»:
«Կո՛չ ենք անում ՀՀ իշխանություններին եւ Ռուսաստանի հայերի միությանը գիտակցել ստեղծված իրավիճակը. ռուսաստանցի մինչեւ 10 տարեկան հայ երեխաները արդեն չեն էլ հասկանում հայերեն»,- ասված է Մոսկվայաբնակ հայ ուսանողների հաղորդագրության մեջ:




























