18 ամիս անց հետախուզումը մոտենում էր ավարտին. Հյուսիսային Հոլիվուդի հանրախանութներից մեկի մոտ պատանու սպանած մեղադրյալին ոստիկանությունը գտել էր Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքի մոտ, գրում է «Los Angeles Times»-ը:
ԱՄՆ Արդարադատության նախարարության հետախուզման պատասխանատու դաշնային մարշալները Պուերտո Ռիկոյի ծովափնյա Կարոլինա քաղաքում շրջապատել էին բնակելի համալիրը, որտեղ ապրում էր Զարեհ Մանջիկյանը: Քաղաքը զբոսաշրջության կենտրոն է եւ հետախուզվողի համար հեշտ է մնալ աննկատ: Վերջապես, 23-ամյա երիտասարդը հայտնվեց, նստեց մեքենան եւ շարժվեց ծովափի ուղղությամբ:
Մարշալները հետեւեցին նրան եւ հենց առաջին հնարավորությունն օգտագործեցին ու ձերբակալեցին Մանջիկյանին:
Սակայն Պուերտո Ռիկոյի դատավորը Լոս Անջելեսի իշխանությունների հարցմանը դեմ, մայիսի 13-ին 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեց հայ երիտասարդին: Դրանից հետո Մանջիկյանին ոչ ոք չի տեսել: Սպանությունը հետաքննող Լոս Անջելեսի ոստիկանության դետեկտիվ Թոմաս Թաունսենդը զայրույթից իր տեղը չի գտնում:
2009թ. նոյեմբերին տեղի ունեցած սպանությունը, որի մեջ մեղադրվում է Մանջիկյանը, գրավեց ամբողջ երկրի ուշադրությունը, երբ դրա մասին գրեց «Los Angeles Times»-ը:
Մայք Եփրեմյանի սպանության առիթը կարճ հաղորդագրությունն էր` ուղղված իր ընկերուհուն` Քեթ Վարդանյանին: Մայքը նրան անպատվել ու հայհոյել էր:
Դատախազի խոսքով, Քեթ Վարդանյանը հաղորդագրությունը կարդալուց հետ եղբորը խնդրել է ծեծել Եփրեմյանին: Բազմաթիվ զանգերից հետո հանդիպումը կայացել է: Եփրեմյանն ընկերների հետ հանդիպեց երկու տղամարդկանց: Զրույցն արդեն մոտենում էր խաղաղ ավարտին, երբ Եփրեմյանը հարված ստացավ: Մանջիկյանը հրազենից կրակեց 19-ամյա երիտասարդի ծոծրակին:
Մանջիկյանն ու մյուս տղամարդը, որի անունը դատախազների խոսքով, Վահագն Ջուրյան է հեռացել են սեւ BMW-ով, առանց դիմացի համարանիշի: Ջուրյանի հայրը իշխանություններին հայտնել է, որ հաջորդ օրը որդին զանգել է իրեն եւ լացակումած պատմել է իր մասնակցության մասին մահվան պատճառ դարձած վիճաբանությանը:
Ջուրյանին ոստիկանությունը սկզբում մեղադրեց հանցակցության մեջ: Սակայն երիտասարդն արդեն հեռացել էր երկրից եւ ոստիկանության տվյալներով, գտնվում էր Հայաստանում: Նրան վերադարձնելու նպատակով ոստիկանությունը դիմում է խորամանկության եւ հրաժարվում է մեղադրանքից: Ջուրյանը վերադարձավ Սան Ֆերնանդոյի հովիտ, սակայն ոստիկանությունը նրա դեմ գործ հարուցեց:
Պուերտո Ռիկոյում Մանջուկյանին կալանելուց հետո, անցած շաբաթ Վան Նայիսում գտնվող տանը ոստիկանությունը ձերբակալեց նաեւ 23-ամյա Ջուրյանին:
Եփրեմյանների համար դժվար էր լսել Մանջուկյանի անհետանալու մասին:




























