Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե ընդդիմադիր առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն գումարներ է ստացել Ռուսաստանից:

The New Times-ի թղթակցի հարցին, թե կարո՞ղ է հաստատել տեղեկությունը, թե ընդդիմության առաջնորդը 13-17 միլիոն դոլար է ստացել Ռուսաստանից, Սահակաշվիլին պատասխանել է, թե «այն, որ նրանք այնտեղից են ֆինանսավորվում, ոչ մի կասկած ի հարուցում»:

«Մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, եւ ավելին ներկայացվելու են հանրությանը, որ նրանք, իսկապես ֆինանսավորվել են Ռուսաստանից»,- նկատել է Սահակաշվիլին: Նախագահը նաեւ նշել է, թե մայիսի 26-ին բոլորովին էլ դաժան չեն վարվել ընդդիմության հետ:

«Ոստիկանության գործողությունները շատ համարժեք էին: Մենք գործ ունեինք մարդկանց հետո, որոնք բռնություն էին ցանկանում: Երբ կողմերից մեկը բռնություն է ուզում, չկա միջոց, որ նրան փաթաթես փամփերսով եւ հեռացնես: Այն օրը ես դիտում էի, թե ինչպես էին ցրում «Բարսելոնի» երկրպագուներին Բարսելոնում եւ Անգլիայում, նրանց ոստիկանների գործողություններն ավելի դաժան էին…»: