Այսօր պաշտոնական Երեւանը հանդես կգա հայ-թուրքական՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ երկկողմ համագործակցության զարգացման արձանագրությունների ստորագրման հարցով։ Ինչպես հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, եթե գործընթացը գնա նախատեսված սցենարով, ապա փաստաթղթերը կստորագրվեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին։ Հայտարարությունը եթեր կհեռարձակվի հայկական բոլոր հռուստաընկերություններով։ Նշենք, որ NEWS.am-ի թղթակիցը ուշ գիշերին Ցյուրիխ է մեկնել, որտեղ եւ կարող է կայանալ արձանագրությունների ստորագրումը։ Ինչպես նախատեսված է, փաստաթղթերը կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից։ Համաշխարհային ԶԼՄ-ների հաղորդմամբ, արարողությանը ներկա կգտնվեն ԱՄՆ պետքատուղար Հիլլարի Քլինթոնը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հրավիրվածների թվում են նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ հայ-թուրքական սահմանը Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թ.-ից։ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը նպատակ ուներ ղարաբաղյան հարցում սատարել Ադրբեջանին, ինչպես նաեւ Հայաստանի վրա ճնշում գործադրել 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։
Պաշտոնական Երեւանը հանդես կգա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին
Պատմություն
Տեղադրություն




























