Հետպատերազմյան ստեղծված իրավիճակն ամբողջությամբ խախտել է Հայաստանի անվտանգության համակարգը: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքով՝ այս պայմաններում Երեւանը պետք է ակտիվացնի արտաքին կապերը եւ ինտենսիվ բանակցություններ վարի, առաջին հերթին Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ զբաղվի բանակի ուժեղացմամբ:
«Այս հարցերով զբաղվելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել դավաճանական քայլերը, այդ թվում՝ Շուշիի մասին հայտարարությունների տեսքով, իսկ իր հեռանալը նա ձգձգում է միայն այն պատճառով, որ փորձում է հասնել անձնական անվտանգության երաշխիքների: Իշխանությունները բացարձակապես տեղեկություն չունեն գերիների մասին եւ ի վիճակի չեն լուծել այս խնդիրը: Հայաստանում պետությունը կաթվածահար է կամ ընդհանրապես բացակայում է»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությանը, ինչպես նշեց փորձագետը, եթե դա տնտեսական նպատակներ հետապնդեր, ապա Հայաստանի համար ավելի կարճ ու ավելի հարմար ուղղություններ կբացվեին, օրինակ, Իջեւան-Ղազախ-Թբիլիսի ավտոճանապարհը:
«Եթե ռուսական հատուկ ծառայություններն ապահովեն քաղաքացիների անվտանգությունը Սյունիքով Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհով տեղաշարժվելիս, ապա ո՞վ է երաշխավորելու Հայաստանից Ադրբեջանի տարածքով տեղաշարժի անվտանգությունը: Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարողանում լուծել այս բոլոր խնդիրները»,- եզրափակեց Ենոքյանը:





























