Ջո Բայդենի գալուց հետո ԱՄՆ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում իր արտաքին քաղաքականության մեջ որոշակի ճշգրտումներ կկատարի՝ հաշվի առնելով Ղարաբաղի վերջին պատերազմը եւ հետպատերազմյան իրողությունները: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Վաշինգտոնը որոշակի պահի դուրս եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրադարձությունների զարգացումից:
«Բայդենի գալով Վաշինգտոնը կվերադառնա այս գործընթացին, ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի եւ կփորձի վերադարձնել գերիշխող դերը: Մենք հիշում ենք, որ Բայդենը քննադատել է Թրամփին ղարաբաղյան հարցում անբավարար ակտիվության համար», - ասաց նա:
Հայաստանի հետ հարաբերությունները, Սարգսյանի խոսքով, չեն փոխվի, միգուցե շեշտադրման մի փոքր փոփոխություն լինի` ֆինանսական օգնության ավելացման տեսքով, բայց քաղաքական հարթությունում ամեն ինչ կմնա նույն մակարդակի վրա:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի մյուս երկրներին, ապա հարաբերությունների մեջ, օրինակ Ռուսաստանի հետ, կարող են լինել որոշակի մեղմացումներ, բայց հարաբերությունների ամբողջական կարգավորում չի լինի, եւ պատժամիջոցներն առաջիկայում ուժի մեջ կմնան:
«Մոտավորապես նույնը կլինի Իրանի պարագայում: Բանակցություններ կանցկացվեն, որոշ պատժամիջոցներ կարող են վերացվել, բայց ընդհանուր լարվածությունը կպահպանվի: ԱՄՆ-ը կփորձի հասկանալ, թե ինչպես է հնարավոր տարբեր հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների գալ, ինչպես հայտարարել են Բայդենի վարչակազմում: Իհարկե, ամեն ինչ կախված կլինի նաեւ Թեհրանի մտադրություններից՝ կապված միջուկային ծրագրի զարգացման հետ: Թուրքիայի նկատմամբ կկիրառվի «մտրակի եւ բլիթի» մեթոդը` ճնշում եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցման խոչընդոտում: Ղարաբաղյան հակամարտությունն այս իմաստով, առաջնային դեր չի խաղա: Ամեն ինչ կախված կլինի Մերձավոր Արեւելքում Անկարայի քաղաքականությունից՝ որքան շատ հակասություններ լինեն Վաշինգտոնի հետ, այնքան բարձր կլինի լարվածության մակարդակը: ԱՄՆ-ի համար մեկ այլ լուրջ խնդիր է Թուրքիայի կողմից (որպես ՆԱՏՕ-ի անդամ) ռուսական С-400 ԶՀՀ-ների ձեռք բերելը»,- ընդգծեց քաղաքագետը:
Ընդհանրապես Բայդենի գալը նշանակում է կադրերի փոփոխություն եւ նոր մոտեցումներ արտաքին քաղաքականության մեջ, նրա նախագահության առաջին իսկ օրերից ԱՄՆ-ը միացավ Փարիզի կլիմայի պայմանագրին, որից Վաշինգտոնը հեռացել էր Թրամփի գալով: Միեւնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը մի շարք հարցերի շուրջ համաձայն է Թրամփի հետ, եւ շատ դեմոկրատներ կարծում են, որ նույնիսկ եղել են ձեռքբերումներ, որոնք անհրաժեշտ է պահպանել: Խոսքը արաբա-իսրայելական հաշտեցման գործընթացի մասին է, որի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման տարբերակը նույնպես լավ հիմք է համարվում տարածաշրջանային հետագա կայունությունն ապահովելու համար:
«ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն կներգրավվի արտաքին քաղաքական գործընթացներում եւ կվերադառնա առաջատարի դիրքերին այն հարցերում, որտեղից դուրս է եկել»,- եզրափակեց փորձագետը:





























