Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին կայցելի Մոսկվա։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել են իշխանական աղբյուրները։ Համաձայն տեղեկատվության, Հայաստանի ղեկավարն այցի ընթացքում բանակցություններ կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւվի հետ։

Հարկ է հիշեցնել, որ օրերս Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության շրջանակներում, նա այցելել է նաեւ Դոնի Ռոստով, որտեղ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաեւ արձանագրությունների ստորագրման հեռանկարները ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմանի գործընկերության զարգացման վերաբերյալ։

Ի պատասխան այն տեսակետի, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կվնասի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությանը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ մտքերը անհիմն են, ինչը տեղեկացված չլինելու արդյունքն է, եւ որ նրանք ներկայացվում են որպես վերլուծական մտքի արդյունք։

«Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը արագ տեմպերով է զարգանում, ներառյալ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Իսկ մոտ ապագայում դուք վկա կլինեք այնպիսի զարգացումների, որոնք կցրեն անգամ անվստահների կասկածները»,- ընդգծել է նա։