Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում այսօր` հունիսի 8-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովը նվիրված է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, «արաբական գարնան», Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո խնդրր է առաջացել վերանայելու տնտեսական զարգացման եւ բարեփոխումների հետագա ուղղվածությունը, տարվող քաղաքականությունն ատոմային եւ վերականգնվող էներգետիկայի, սոցիալական եւ նորարարական ծրագրերի բնագավառում:

Համագործակցության եւ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման եւ նոր հնարավորությունների բացահայտման խնդիրներն է կոչված լուծելու Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած Համախարհային տնտեսական իններորդ երկօրյա ֆորումը:

«Գործարարնե`ր, ուղղվեք դեպի արեւելք» պայմանական կարգախոսն են առաջարկում համաժողովի մասնակիցները` նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Արեւելյան Եվրոպայի, կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

«Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագրով հավաքը մեկտեղել է տարբեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության եւ գործարարների ավելի քան 500 ներկայացուցիչներ ողջ աշխարհից: