Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում՝ պարզելու, թե որ տնտեսվարողներն են հանդիսանում այս դաշտում  գերիշխողները: Այսօր՝ հունիսի 8-ին կայացած նիստում ներկայացվեցին նաեւ այս ուսումնասիրության արդյունքները: Այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովի որոշմամբ` այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» եւ «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» եւ «Նոր Զովք» խանութների ցանցերով:

Որոշումը նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ եւս Հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում՝  տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:

Տեղեկացնենք, որ նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առեւտրի ոլորտում:

Սակայն նտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի փոփոխություններով կարգավորման ենթակա է նաեւ մանրածախ առեւտուրը: